Բրատիսլավայում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին իր սլովակ գործընկեր Միկլոշ Ձյուրինդայի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Սլովակիայի նախագահին ուղղված՝ ՀՀ նախագահի՝ Հայաստան այցելելու հրավերը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց բանակցությունների օրակարգում էին երկկողմ հարաբերությունների առնչվող հարցերի լայն շրջանակ՝ բարձրաստիճան այցերի կազմակերպում, միջխորհրդարանական կապերի զարգացում, իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, մշակութային փոխանակումների ակտիվացում, էներգետիկայի, կրթության, տուրիզմի բնագավառներում համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարարները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Միկլոշ Ձյուրինդան տեղեկացրել է, որ շուտով Սլովակիան մուտքի արտոնագրեր կտրամադրի Երեւանում Լեհաստանի դեսպանության միջոցով: Այս ենթատեքստում նաեւ քննարկվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ էր:
Չեխիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել անցյալ տարի Հայաստանի կողմից Պրահայում դեսպանության հիմնումը՝ նշելով, որ դա լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացումը խթանելու համար: Նախարար Շվարցենբերգը տեղեկացրել է, որ մինչ Հայաստանում դեսպանության բացումը Չեխիան շուտով դիվանագետ կգործուղի Երեւանում գործող եվրոպական երկրներից մեկի դեսպանություն:
Նախարարները համաձայնություն են ձեռք բերել ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման վերաբերյալ, քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ուղեւորվել է Երեւան:




























