Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր՝ մարտի 4-ին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիին է ներկայացրել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխաների հաշվառման գործընթացը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը ներկայացնելով ընթացքի հետ կապված մանրամասներ` ափսոսանք է հայտնել, որ որոշ լրատվամիջոցների կողմից աղավաղվում է գործընթացի էությունը եւ փորձ է արվում շահարկել: Նա պարզաբանել է, որ եթե երեխան ունի ծննդյան վկայական, դա չի նշանակում, որ արդեն իսկ հաշվառված է ռեգիստրում, քանի որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին, եւ մինչեւ 2006թ-ը տվյալների բազան ամբողջական չէ: Գործընթացի բուն նպատակը ռեգիստրի ամբողջականացումն է: Բացի այդ, դեռ անցած տարի հենց UNICEF-ի եւ ՀՕՄ-ի կողմից էր բարձրաձայնվել ծննդյան վկայական չունեցող երեխաների առկայության մասին:

Լ. Մոշիրին ողջունել է գործընթացը` նկատելով, որ այն կարեւոր է նաեւ   երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի մոդելի ներդրմանը վերաբերող հարցեր: Լ. Մոշիրին ներկայացրել է իրենց մոտեցումները` ըստ որի առաջարկվում է ստեղծել միջգերատեսչական խորհուրդ, որը կհամակարգի ոլորտում գործող տեղական, տարածքային, հանրապետական մարմինների եւ ներգրավված այլ կառույցների աշխատանքը:

Փոխվարչապետը ողջունելի է համարել այդ գաղափարը եւ պատրաստակամություն հայտնեց այն քննարկել: