Զբոսաշրջությունը Հայաստանում պետք է դառնա բազմաբովանդակ, եւ դրա կարողությունները Հայաստանում կան` կրոնական, առողջապահական, սպորտային, հանգստի զբոսաշրջություն: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այսօր՝ մարտի 4-ին ներկա է գտնվել www.armhotels.am առաջին ազգային առցանց ամրագրման համակարգի շնորհանդեսին:
2009թ. սեպտեմբերին այս համակարգի ստեղծման բիզնես ծրագիրը` ներկայացված «Ռումեա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբ ընկերության կողմից, հավանության էր արժանացել ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցման օպերատիվ շտաբի կողմից: Այդ նպատակով ընկերությանը տրամադրվել էին 25 մլն ՀՀ դրամին համարժեք վարկային միջոցներ:
Իր խոսքում Տ. Սարգսյանն ասել է. «Այս հաջող ձեռնարկի գլխավոր նպատակը Հայաստանում զբոսաշրջության զարգացումը խթանելն է, ինչը կառավարության գերակայություններից մեկն է: Այն ավելացնում է մեր երկրի` ծառայությունների արտահանման ներուժը եւ կարողությունները: Կառավարության ջանքերը զբոսաշրջության զարգացման գործում տալիս են իրենց դրական պտուղները: Դրա մասին են վկայում ցուցանիշները. 2009թ.` ճգնաժամային տարվա ընթացքում, երբ ունեցանք աննախադեպ տնտեսական անկում, զբոսաշրջության ոլորտում գրանցեցինք շուրջ 4 տոկոսանոց աճ, եւ դա այն պարագայում, երբ 2009թ. համաշխարհային զբոսաշրջության ցուցանիշները նվազեցին: 2010թ. աճն ավելի շոշափելի էր` շուրջ 17 տոկոս: Մենք լիահույս ենք, որ 2011թ. զբոսաշրջության աճը շարունակվելու է: www.armhotels.am առցանց ամրագրման համակարգը լավագույն ներդրումներից մեկն է զբոսաշրջության զարգացման բնագավառում: Այս ժամանակակից ծրագիրը բազմաթիվ պատուհաններ է բացում աշխարհի տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնելու համար եւ հնարավորություն ստեղծում օնլայն ռեժիմով օգտվել ծառայություններից: Այն քննարկվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբում, արժանացել հավանության, եւ պետությունը երաշխիք է տրամադրել «Արմսվիսբանկին», որպեսզի նաեւ արձանագրի պետության վստահությունը եւ պետության կողմից տուրիզմի զարգացման կարեւորումը»:
Կառավարության ղեկավարն անձամբ փորձարկել է www.armhotels.am առաջին առցանց ամրագրման համակարգի գործառնության մեխանիզմը:
www.armhotels.am համակարգում, որի ծրագիրը մշակվել է «Թի Բի ԷՍ» ՓԲԸ-ի կողմից, ներառված են շուրջ 106 հյուրանոցներ: Տարածաշրջանում եւ ԱՊՀ-ի տարածքում եզակի այս համակարգի նպատակն է ընդլայնել եւ ավելացնել առաջարկվող ծառայությունների իրացման ծավալներն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային զբոսաշրջային շուկաներում: Իր տեսակի մեջ առաջինը լինելով հայկական զբոսաշրջային շուկայում` այն հնարավորություն կընձեռի զբոսաշրջային տարատեսակ ծառայությունները հասանելի դարձնել բոլոր զբոսաշրջիկներին»:




























