Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ զինվորի սպանության փաստը ցույց  է տալիս,  որ այդ երկիրը պատրաստ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ  բանակցային գործընթացին, ուստի ակնկալել, որ հակամարտող կողմերը Սոչիում կգան ինչ-որ հանգրվանի, դժվար է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը պետք է հասկանա, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային  իրավունքի նորմերի իրավահավասարության հիման վրա: «Այն  է, ազգերի ինքնորոշման իրավունքի,  տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների: Մինչդեռ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները ինքնորոշում ասելով հասկանում են բացառապես իրենց բնորոշմամբ տարածքային  ամբողջականության  հարցը` չցանկանալով ընդունել, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Սա, իհարկե, Ադրբեջանի կողմից ապակառուցողական դիրքորոշման խորացում է» ,- նկատեց Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով, ժամանակն է, որպեսզի Մինսկի խմբի համանախագահող երկրները եւ միջազգային հանրությունն իրենց հստակ վերաբերմունքն  արտահայտեն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման, ռազմատենչ հայտարարությունների եւ Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացման վերաբերյալ: «Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում ցուցաբերի այդ երկրի նախագահի, ԱԳ եւ պաշտպանության նախարարների այն  հայտարարությունների հանդեպ, որոնց  համաձայն ադրբեջանական կողմը չի բացառում պատերազմի վերսկսման հավանականությունը: Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները չեն կրում կոնկրետ հասցեական  բնույթ, քանի դեռ միջազգային հանրությունը հստակ արձագանք չի տվել այս ամենին, Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը շարունակվելու է» ,- ամփոփեց ԲՀԿ-ական պատգամավորը:  

Նշենք, որ Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումը Սոչիում  տեղի կունենա մարտի 5-ին: