Մեքսիկուհի Մարիսոլ Վալյես Գարսիան, ով 20 տարեկանում գլխավորել է Չիուաուա նահանգի Պրախեդիս-Գերրերո քաղաքի ոստիկանությունը, թողել է իր պաշտոնն ու փախել ԱՄՆ:

Վալյեսի ընկերների խոսքով, ոստիկանության ղեկավարը հայրենի քաղաքը լքել է մարտի 1-ին: Նման քայլի պատճառը եղել է տեղի քրեական խմբավորումներից մեկի կողմից չդադարող սպառնալիքները, գրում է Lenta.ru-ն:

Դրանից հետո աղջիկը, ով մանկահասակ որդի ունի, հավաքել է իրերը եւ երկու հարազատների հետ հատել Տեքսասի սահմանը ամերիկյան սահմանային Ֆորտ-Հենքոք անցակետով:

Հաղորդվում է, որ Վալյեսը ամերիկյան կողմից ապաստան է խնդրել: Միաժամանակ Պրախեդիս-Գերրերո քաղաքի վարչակազմում հայտարարել են, որ իրենք տվյալներ չունեն, որ Վալյեսը պատրաստվում է հիմնավորվել ԱՄՆ-ում:

20-ամյա Վալյեսը ոստիկանապետ է նշանակվել 2010-ի հոկտեմբերին: Նման պատասխանատու պաշտոնը վստահել են երիտասարդ աղջկան, քանի որ մյուս ոստիկանները հրաժարվել են՝ իրենց անձնական անվտանգության նկատառումներից ելնելով: