«Հայկական ժամաակ» օրաթերթի տեղեկություններով՝ մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 24-ի կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովեսեփյանի միջեւ թեժ վեճ է տեղի ունեցել, որը շարունակվում է մինչեւ օրս:

Վեճի պատճառը եղել է դրանից մեկ օր առաջ Աղվան Հովսեփյանի կողմից Ալիկ Սարգսյանին ուղարկած գրությունը, որով նա առաջարկել է զբաղեցրած պաշտոններից ազատել ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանին եւ Արաբկիրի ոստիկանապետ Վարազդատ Ադամյանին: Ալիկ Սարգսյանը հանդիմանել է գլխավոր դատախազին, որ նա իրեն չասի ինչ անել, ում ազատել կամ ում չազատել: Ավելին, չնայած ՀՀ ոստիկանապետն ի վերջո կատարել է Հովսեփյանի ասածը եւ փետրվարի 27-ին Թամամյանին եւ Ադամյանին ազատել է զբաղեցրած պաշտոններից, սակայն միեւնույն է, գլխավոր դատախազը որոշել է նրան մինչեւ վերջ նվաստացնել:

Աղվան Հովսեփյանի՝ վեճի առարկա դարձած գրությունը երկու օր առաջ ՀՀ գլխավոր դատախազության կայքում հրապարակելու նպատակը հենց դա է եղել, որ բոլորը իմանան, թե ում ցուցումով է Ալիկ Սարգսյանը գործում: