Transparency International հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է 2009թ. նվիրված զեկույցը, որտեղ արձանագրել է, որ «Հայաստանում համատարած կոռուպցիան, որն արտահայտվում է կաշառքների, գնային պայմանավորվածությունների եւ հասարակական քաղաքականության վրա անտեղի ճնշման տեսքով, միլիարդների վնաս է պատճառում եւ խոչընդոտում կայուն տնտեսական զարգացմանը»:

Կազմակերպությունը դիտարկել է կոռուպցիայի աստիճանը 45 երկրում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: Transparency International-ը հատուկ անդրադարձ է կատարել «Ռոյալ Արմենիա» ընկերության եւ Գյումրիի ԳԱԼԱ հեռւոստաընկերության գործերին: Մասնավորապես, «Ռոյալ Արմենիա» ընկերության մասով իրավապաշտպաններն արձանագրել են, որ «ձեռնարկության ղեկավարությունը բանտում է գտնվում` մաքսային ոլորտում առկա կոռուպցիան բացահայտելու համար»: Ըստ Transparency International-ի՝ մաքսային համակարգը Հայաստանում համարվում է ամենակոռումպացված ծառայություններից մեկը: «Այդ ընկալումը հաստատեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, ով 2008 թվականի ապրիլի 17-ին հրապարակավ քննադատեց Մաքսային ծառայության աշխատանքը: Այդուհանդերձ, շատերը կասկածի տակ են առնում իշխանությունների՝ այս ոլորտում բարեփոխումներ կատարելու քաղաքական կամքը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը կառույցի ղեկավար է նշանակել Գագիկ Խաչատրյանին»,- նկատել են իրավապաշտպանները՝ հիշեցնելով, որ «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարները հայտնվել են ճաղերի ետեւում հենց Գագիկ Խաչատրյանի պահանջած կաշառքի մասին բարձրաձայնելուց հետո: «Այս դեպքը բացառիկ է, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես են ի վերջո պատժվում եւ քրեական հետապնդումների ենթարկվում այն գործարարները, որոնք վճռականորեն պայքարում են հանուն իրենց իրավունքների պաշտպանության եւ մերժում են իշխանությունների անօրինական պահանջները»,- նշել են զեկույցի հեղինակները:

Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության կապակցությամբ էլ Transparency International-ի փորձագետները նշել են, որ հեռուստաընկերությունը 2007թ. համարձակվել էր ամբողջությամբ եթեր էր հեռարձակել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: «Լրատվամիջոցի ղեկավարը պնդում է, թե դրանից հետո ԱԱԾ-ն եւ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հորդորել են նրան դադարեցնել քաղաքական հաղորդումները, բայց հեռուստաընկերությունը մերժել է հորդորները, ինչից հետո հարկային մարմինները շուրջ 78 հազար դոլարի տուգանք են նշանակել հեռուստաընկերության հիմնադիր „Չապ“ ընկերության նկատմամբ»,- նշել է Transparency International-ը: