Գերմանիայի ներքին գործերի նորանշանակ նախարար Հանս Պետեր Ֆրիդրիխը արդեն հասցրել է հուզումներ առաջացնել երկրի մահմեդականների շրջանում:
Դժգոհություն է առաջացրել նախարարի այն արտահայտությունը, թե իսլամը գերմանական կենսակերպի առանցքային մաս չէ: Նշենք, որ Եվրոպայի ամենաառաջատար եւ տնտեսապես զարգացած երկրում բնակվում է գրեթե չորս միլիոն մահմեդական:
Ֆրիդրիխն այդ հայտարարությունն արել է նախարարի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նրան հարցրել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում չորեքշաբթի երկու ամերիկացի օդաչուների սպանության մասին: Նախարարն ասել է, որ մահմեդականներն իրավունք ունեն ապրելու Գերմանիայում, սակայն «Գերմանիայի համար իսլամն առնվազն պատմականորեն ընդունելի չէ»:
MIGnews.com-ի փոխանցմամբ` նրա խոսքերն անմիջապես արժանացել են արդարադատության նախարար, Ազատ ժողովրդավարական կուսակցության անդամ Սաբինե Լոյտհոյզեր-Շնարենբերգերի քննադատությանը: «Հուսով եմ` նորանշանակ նախարարը կհետեի իր նախորդին եւ պատասխանատվություն կկրի ինտեգրացիայի, երկրի միասնականության , ոչ թե մարգինալացման համար»,-ասել է նա:
Իսլամի հարցը ներկայումս Գերմանիայում քաղաքական բանավեճի կենտրոնում է: Նման արձագանք առաջացրել էր Բունդեսբանկի խորհրդի նախկին անդամ Թիլո Սարրազինի գիրքը, որում հեղինակը զգուշացնում է, որ անկիրթ մահմեդականների թվի աճի պատճառով ապագայում Գերմանիային վտանգ է սպառնում:
Թեեւ Սարրազենն այդ գրքի համար հեռացվել էր աշխատանքից, սակայն ձեռք էր բերել պահպանողականների աջակցությունը, այդ թվում ` Քրիոստնեա-դեմոկրատների, որոնց ղեկավարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է:




























