Ճանապարհային ոստիկանությունը երբեմն ավելի օպերատիվ եւ ավելի լավ է աշխատում, քան «Ինգո» ապահովագրական ընկերությունը։ Այսօր՝ մարտի 9-ին նման հայտարարություն է արել «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանն ու հավելել. «Վթարից հետո շատ հաճախ ոստիկանները տեղում են, իսկ ապահովագրական գործակալները դեռ չկան»:

Ոստիկանների օպերատիվությունը նա բացատրեց ավելի մեծ թվաքանակով, նյութատեխնիկական բազայով եւ նորմատիվներով։ Այսինքն՝ կան նորմատիվներ, որոնցով կարգավորվում է ոստիկանների թվաքանակը որոշակի տարածքում, որն էլ թույլ է տալիս ավելի օպերատիվ լինել։ Բացի այդ՝ ոստիկանները ղեկավարվում են 1 կենտրոնից, իսկ ապահովագրական ընկերությունները 9-ն են, եւ գործում են չհամաձայնեցված:

Լ. Ալթունյանը խոստացավ, որ առաջիկայում ապահովագրական գործակալները ավելի օպերատիվ կլինեն։ Արդեն իսկ «Ինգո Արմենիայի» գործակալները Երեւանում վթարի վայր են հասնում 28 րոպեում՝ օրենքով նախատեսված 40 րոպեի փոխարեն։ Մարզերում այդ ժամկետը կազմում է 40 րոպե՝ օրենքով նախատեսված 1,5 ժամի փոխարեն։