Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե F-35 կործանիչների մշակման եւ արտադրման ծրագիրն առանց Թուրքիայի անխուսափելիորեն կփլուզվի։ «F-35 նախագիծը, որից Թուրքիան հեռացվել է, դատապարտված է տապալման»,- ասել է նա՝ գրում է Hurriet-ը։
Էրդողանն ասել է, թե նրանք, ովքեր փորձել են Թուրքիային հեռացնել նախագծից, հետեւանքների մասին չեն մտածել։ Նրա խոսքերով, Անկարան արագ քայլեր կձեռնարկի սեփական ՀՕՊ համակարգերի ստեղծման համար։
Մարտի 28-ին ԱՄՆ-ը հայտարարել էր, որ դադարեցրել է հինգերորդ սերնդի կործանիչների մատակարարումը Թուրքիային այն պատճառով, որ վերջինը որոշել է ռուսական С-400-ներ գնել։
Առաջին կործանիչը Թուրքիան ստացել էր անցյալ տարվա հունիսին։ Ինքնաթիռը ուղարկվել էր Արիզոնայում Լյուկա ռազմաօդային բազա, որտեղ օգտագործվում է թուրք օդաչուների եւ անձնակազմերի ուսուցման համար։
Այս ամսվա սկզբին Թուրքիան եւս երկու F-35 է ստացել։ Ներկայում թուրք օդաչուները շարունակում են իրենց վարժանքները։ Մինչեւ նոյեմբեր ինքնաթիռները կտեղակայվեն թուրքական Մալաթիայի ավիաբազայում։



























