Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երեւանում գտնվող Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ ապրիլի 30-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը հյուրերին ներկայացրել է «Թումո»-ի հնարավորությունները, ծանոթացրել ստեղծված պայմաններին, կրթական ծրագրում ընդգրկված 14 ուղղություններին տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում: Նշվել է, որ 12-18 տարեկան պատանիներն այստեղ սովորում եւ զարգացնում են իրենց հմտությունները 21-րդ դարի ոլորտներում` գործնական դասընթացների եւ ինքնուսուցման համակցման ֆորմատով։
Հյուրերը շրջել են ուսումնական տարածքով, զրուցել ուսանողների հետ: Ծանոթացել ուսանողների «Հիփ- հոփ» ֆոլք խմբիին, որը փոքրիկ երաժշտական կատարում է ներկայացրել։
Ասկար Մամինը ծանոթացել է նաեւ Թումոյի ռոբոտաշինության դասընթացի մանրամասներին։ Այստեղ բարձրաստիճան հյուրին ներկայացրել են իրենց ձեռքբերումները՝ հատկապես Թումոյի ռոբոտաշինության թիմի բրոնզե մեդալը Ռոբոտաշինության FIRST GLOBAL օլիմպիադայում, որին մասնակցել է 160-ից ավելի երկիր։ Թումոյի ուսանողների ստեղծված «Yelling» ստարտափում էլ, որը անիմացիաներ է ստեղծում, ներկայացվել են գործունեության առանձնահատկություններն ու շրջանակները։
Մարի Լու Փափազյանը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանում եւ Արցախում արդեն գործում է 4 Թումո կենտրոն՝ Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանակերտում։ 2018-ին կենտրոններ են բացվել նաեւ Փարիզում եւ Բեյրութում։ Թումոյի հաջորդ կենտրոնը Հայաստանում արդեն կառուցվում է սահմանամերձ Կողբ գյուղում։



























