Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնին ազատել են աշխատանքից՝ փակ բանակցություններից տեղեկատվության արտահոսքի հետաքննության արդյունքներով։ Պաշտպանության նախարար է նշանակվել միջազգային զարգացման արդեն նախկին նախարար Պենի Մորդոնթը, որը առաջին կինն է այդ պաշտոնում՝ հայտնում է BBC-ն։
Կառավարությունում հայտնել են, որ որոշումը կապված է Ազգային անվտանգության խորհրդի նիստում փակ բանակցություններից տեղեկատվության արտահոսքի հետ։ ԱԱԽ նիստում քննարկվել էին 5G ցանցերի ստեղծման գործում չինական Huawei ընկերության հետ համագործակցության հեռանկարները։
Այդ արտահոսքի հետեւանքով ապրիլի 24-ին հայտնի է դարձել, որ Huawei-ի արտադրանքը կօգտագործվի 5G կապի ցանցերի «անքննադատ» բաղադրիչների կոնստրուկցիայում։ Դա ենթադրում է, որ Huawei-ը չի մատակարարի այնպիսի սարքավորումներ, որոնք կարող են նույնականացնել բջջային սարքը եւ որոշել ինչպես եւ ուր ուղղորդել հեռախոսային զանգերը եւ փոխանցել տվյալները։
Չինական ընկերության հետ համագործակցության դեմ հանդես են գալիս ԱՄՆ-ը եւ որոշ նախարարներ, որոնք համարում են, որ դա կարող է սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգության համար։




























