ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մայիսի 1-ին Երեւանում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, Շենգավիթ բժշկական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւանում գործող տաքսի ծառայություններից մեկի վարորդը հիվանդանոց է տեղափոխել երկու եղբայրների՝ մոտ 30 տարեկան, երկուսն էլ՝ դանակահարված վիճակում:
Շենգավիթ Բ/Կ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ եղբայրներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի եւ որովայնի շրջանի՝ թվով 4 կտրած-ծակած վերքերով, որոնցից երեքը՝ թափանցող կրծքային եւ որովայնի խոռոչներ: Վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, կատարվել է վիրահատություն, սակայն վիրահատությունը դադարեցվել է սրտի կանգի պատճառով, եւ ժամը 05:15-ին գրանցվել է նրա կենսաբանական մահ:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ եղբայրներից մյուսի մոտ ախտորոշվել է «պարանոցի եւ կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վնասվածք, ձախակողմյան լարված պնեւմոթորաքս»:
Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Որոշում է կայացվել երկու քրեական գործերը միացնելու եւ մեկ վարույթում քննվելու վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել են գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ դեպքի վայրը, շարժառիթը, տուժածների ինքնությունը, ովքեր Երեւան քաղաքի բնակիչներ են` ծնված 1988 եւ 1987 թվականներին:
Կատարված անհրաժեշտ քննչական, դատավարական եւ այլ գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987 թվականին: Վերջինս, սպանություն կատարելու եւ ծանր մարմնական վնասված պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել եւ ձերբակալվել:
Նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի վկաներ:
Ձեռնարկվում են համապատասխան քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:



























