ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վենեսուելայում կոնֆլիկտի կարգավորման իրավիճակի շուրջ «շատ բաներ տեղի կունենան», բայց հնարավոր է՝ նաեւ ավելի շուտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Fox Business-ի եթերում Թրամփին խնդրել են մեկնաբանել Բոլիվարական Հանրապետությունում ճգնաժամը: «Դա պարզապես սարսափելի իրավիճակ է: Մենք բոլոր տարբերակները դիտարկում ենք: Մենք ցանկանում ենք մարդկանց օգնել: Հաջորդ շաբաթ շատ բան տեղի կունենա»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Կարակասում եւ Վենեսուելայի մի շարք քաղաքներում ընթանում են հակակառավարական ցույցեր, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ անցել են ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմը: Քաղաքապետարանի առողջապահության վարչության ղեկավար Չակաո Մահիա Սանտին հայտնել է, որ Վենեսուելայի մայրաքաղաքում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է առնվազն 50 մարդ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցում ուշադրություն էր դարձրել Վենեսուելայի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտության անթույլատրելիության վրա, որտեղ ընդդիմությունը իշխանությունը գրավելու փորձ էր ձեռնարկել: