Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախընտրեց չխոսել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դերակատարման մասին:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ԱԱԾ տնօրենն իրավասո՞ւ է խոսել Սանասարյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության մասին, Դավթյանը հիշեցրեց, որ քննությունը վարում է ԱԱԾ-ն, հետեւաբար՝ կառույցի տնօրենը տեղեկացված է արդյունքներին եւ կարող է արտահայտվել:

Ինչ վերաբերում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնաբաժնին կամ ցուցմունքներին, Դավթյանը խոստացավ հարցերին պատասխանել, երբ ժամանակը գա: «Համոզված եղեք, որ դատախազական հսկողությունն իրականացվում է»,- հավաստիացրեց Դավթյանը: Հընթացս նա հերքեց նյութեր սարքելու կամ հաշվեհարդար տեսնելու հնարավորություն միտքը:

Գործի ապացույցները անձնական հարաբերությունների հետ կապ չունեն: Եթե որեւէ մեկի գլխում նման միտք ծագի, ապա համոզված եղեք, գիշերը քունը չի տանի, կսպասի, թե երբ են իր հետեւից գալու»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ,որը ծանր հետեւանքներ է ունեցել: