Հինգշաբթի Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանում ընթանում են ԱՄՆ հարցմամբ՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման մասին նախնական ընթացակարգային լսումները: Դատարանի շենքի մոտ են հավաքվել Ասանժի տասնյակ կողմնակիցներ, որոնք ավստրալացուն աջակցող կարգախոսներ են վանկարկում, եւ հարյուրավոր լրագրողներ: Լսումներն անցնում են դահլիճում, որի մուտքի մոտ մամուլի ներկայացուցիչների հերթ է ստեղծվել, որոնց մեծ մասը չի կարողանում ներս մտնել եւ ականատես լինել դատավարությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Բրիտանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ դատարանը չի կարող սկսել Ասանժին արտահանձնելու հարցի քննությունն այնքան ժամանակ մինչեւ նա կկրի գրավով ազատման պայմանների խախտման համար նշանակված պատիժը: Չորեքշաբթի Լոնդոնի Սաութուարք շրջանի Թագավորական դատարանը Ասանժին դատապարտել էր 50 շաբաթվա բանտարկության այն բանի համար, որ նա 2012 թվականին չէր ներկայացել դատարան, որը նրան ազատել էր 200 հազար ֆունտ սթերլինգ (ընթացիկ փոխարժեքով 260 հազար դոլար) գրավով, դրա փոխարեն թաքնվել էր Էկվադորի դեսպանատանը՝ քաղաքակլան ապաստան խնդրելով: Դատավոր Դեբորա Թեյլորն ընդգծել է, որ Ասանժը վաղաժամկետ ազատվելու հնարավորություն կունենա բանտարկության ժամկետի կեսը կրելուց հետո:

ԱՄՆ-ում Ասանժին մեղսագրվում է ապօրինի հասանելիություն տվյալներին, որոնք պահպանվել են ամերիկյան կառավարությանը պատկանող համակարգիչների մեջ: Ասանժի պաշտպանները մտավախություն ունեն, որ նրան ԱՄՆ հանձնելու դեպքում կարող է սպառնալ մինչեւ 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ, սակայն ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ ավստրալացուն առաջադրված հաքերային գործունեության մեղադրանքներով նրան սպառնում է միայն 5 տարվա բանտարկություն:

Բրիտանացի իրավաբանները նշում են, որ Ասանժի արտահանձնման հարցով դատավարությունը կարող է ամիսներ տեւել, եթե ոչ տարիներ: Ուշագրավ է, որ ավելի վաղ Միացյալ Թագավորության դատարանները հրաժարվել էին բավարարել ԱՄՆ հարցումները Բրիտանիայի քաղաքացիներ Լորա Լավի եւ Գերի Մաքկինոնի արտահանձնման մասին, որոնք մեղադրվում էին ԱՄՆ կառավարության համակարգիչները կոտրելու եւ արժեքավոր տվյալներ հափշտակելու մեջ:

Ասանժը 2006 թվականին հիմնադրել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակում է մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ կառավարության գործունեության մասին գաղտնի տեղեկություններ: Վախենալով Շվեդիայից ԱՄՆ արտահանձնվել, որտեղ 2 կին նրան մեղադրել են բռնաբարության եւ սեքսուալ ոտնձգությունների մեջ, նա 2012 թվականին ապաստան է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից, որտեղ անընդհատ գտնվել է գրեթե 7 տարի: 2019 թվականի ապրիլին Էկվադորը հրաժարվել է  նրան հետագա ապաստան տրամադրել, որից հետո ապրիլի 11-ի առավոտյան Ասանժը կալանավորվել էր 2012 թվականին դատարան չներկայանալու պատճառով տրված օրդերով, ինչպես նաեւ Շվեդիայի եւ ԱՄՆ իշխանությունների պահանջներով: