Կյանքի 59-րդ տարում մահացել է մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, մի քանի օր առաջ նա սրտի վիրահատություն էր տարել: Մի քանի օր բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն ապարդյուն:

Ռոբերտ Արշավիրի Սահակյանցը մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային ռեժիսոր է, սցենարիստ եւ նկարիչ: 1970թ.-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ մուլտիպլիկատոր: Նա նաեւ իր գրեթե բոլոր ֆիլմերի, մոտ 30 (10-ից 30 րոպեանոց) եւ ORT-ի ու հայկական հեռուստաընկերությունների համար հոլովակների (մոտ 70 հատ) սցենարների հեղինակն է, նաեւ այլ անիմացիոն ֆիլմերի համահեղինակը: Նրա ֆիլմերն արժանացել են Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի միջազգային եւ խորհրդային կինոփառատոնների մրցանակներ:

Սահակյանցի մուլտֆիլմերով է մեծացել մի ողջ սերունդ: Ո՞ւմ ծանոթ չեն Քաջ Նազարի, Կիկոսի եւ այլոց ծիծաղելի կերպարները: Դրանք բոլորն էլ անսովոր են եւ միեւնույն ժամանակ լի են ազգային կոլորիտով: Դրանց հեղինակը անուղղելի ռոմանտիկ էր, սիրում էր իր աշխատանքը եւ մտահոգվում հայրենական մուլտիպլիկացիայի ապագայի համար: Վերջերս նա ավարտել էր մի քանի մասից բաղկացած «Ճանապարհ դեպի տուն» անիմացիոն ֆիլմի նկարահանումները: