Ադրբեջանում Գյանջայի գործով դատավարության ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը՝ հղում կատարելով իրավապաշտպան Օգթայ Գյուլալիեւին, հիվանդանոցից դատարան են բերել մի քանի օր առաջ սրտի կաթված ստացած մեղադրյալ Շահին Վերդիեւին։ Դա առաջ է բերել մյուս ամբաստանյալների եւ նրա հարազատների զայրույթը։ Նրանք պահանջել են դատավոր Դադաշ Իմանովից դադարեցնել դատավարությունը, ինչն անտեսվել է։ «Մենք ինքներս տեսնում ենք, թե ինչ վատ վիճակում է Շահինը, նրա դեմքը ծռվել է, գունատ է, չի կարողանում շարժվել»,- ասել է իրավապաշտպանը։ Մեղադրյալներից մեկը՝ Ասիֆ Ջավադովը, ապրած սթրեսից ուշաթափվել է, ինչից հետո դատավարությունը դադարեցվել է եւ շտապօգնություն է կանչվել։ Եվս մեկ ամբաստանյալ բացականչել է, որ ի նշան բողոքի այս անարդարության դեմ ինքնասպանություն կգործի։
2018 թվականի հուլիսի 3-ին Գյանջայում մահափորձ է կատարվել այն ժամանակվա քաղաքապետ Էլմար Վելիեւի դեմ։ Գյանջացի Յունիս Սաֆարովը վիրավորել էր նրան եւ նրա թիկնապահին։ Դրանից հետո սոցցանցերում նշանակվել է բողոքի ակցիա հուլիսի 10-ին Գյանջայի քաղաքապետարանի դիմաց, Վելիեւի դեմ։ Հուլիսի 10-ին ՆԳՆ-ն տեղեկացրել էր Գյանջայում անկարգությունների մասին, որոնց ընթացքում սպանվել է ոստիկանության երկու աշխատակից։ Դրան հաջորդել են զանգվածային ձերբակալություններ հավատացյալների շրջանում։ Քրեական պատասխանատվության է ենթարկվել մոտ 60 մարդ։ Եվս 6 հոգի սպանվել է զինված դիմակայություն ցուցաբերելու ժամանակ։
Մարտի սկզբին արդեն կայացվել են 14 մարդու դատավճիռները, որոնք դատապարտվել են տարբեր ժամկետներով՝ 5-8 տարի, զանգվածային անկարգություններին մասնակցության եւ ոստիկանության աշխատակիցների դեմ բռնություն ցուցաբերելու մեղադրանքներով։



























