Եթե մարզպետարանում աշխատողների շարքում կան ինձ բարեկամ մարդիկ, ապա նրանք զբաղեցնում են հայեցողական պաշտոններ։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե իսկապս մարզպետարանում պաշտոնների է նշանակում իր բարեկամներին։
«Նրանք նշանակված են հայեցողական պաշտոններում, ինչի իրավունքը ես ունեմ։ Հայեցողական պաշտոնները հենց դրա համար են, որ ես նշանակեմ այն մարդկանց, որոնք վստահում եմ»,–նշեց նա։
Հարցին՝ ազատվում է նախկին մարզպետի կադրերից, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Նախկին մարզպետի կադրերից նրանք, որոնք թերանում են իրենց աշխատանքում, ազատվում են»։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Գարիկ Սարգսյանը ազատվում է նախկին մարզպետի կադրերից եւ այդ համատեքստում մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով պատասխանելու համար. կանչել, ասել է՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր։




























