Ամերիկյան Չիկագո քաղաքի բնակիչ Ադել Դաուդը, որը 2012 թվականին Չիկագոյի բարերից մեկի մերձակայքում փորձել էր մեքենան պայթեցնել, երկուշաբթի դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ադել Դաուդը կալանավորվել էր 2012 թվականի սեպտեմբերի 14-ին ՀԴԲ աշխատակիցների հատուկ գործողության ժամանակ, որոնք քողարկված գործելով՝ կասկածյալի հետ կապ էին հաստետել որպես ծայրահեղականներ: Նրանք պատրաստվում էին նրան փոխանցել պայթուցիկ սարքը, որը գործարկվելու էր բջջային հեռախոսով: Այդ ժամանակ Դաուդը 18 տարեկան էր: Մեղադրող կողմի տվյալներով՝ նա իշխանությունների ուշադրությունը գրավել էր համացանցում ԱՄՆ քաղաքացիներին սպանելու կոչերի եւ ծայրահեղական բնույթի հոդվածների հրապարակմամբ:
Կալանավորման պահից Դաուդը պահվել է դաշնային բանտում: Դատավճիռը կայացվել է նրա դեմ երեք գործի հիման վրա: Բացի 2012 թվականի պայթյունից, Դաուդին նաեւ առաջադրվել էր 2 նոր մեղադրանք բանտարկության մեջ եղած ժամանակ, այդ թվում՝ մեկ այլ բանտարկյալի վրա հարձակվելու ու սպանելու դավադրության համար:
CBS հեռուստաալիքը նշում է, որ դատախազությունը հույս ուներ, որ Դաուդին 40 տարվա ազատազրկման կդատապարտեն:




























