Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր` մայիսի 8-ին մասնակի բավարարեց Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանքի դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը:
Դատարանն արձանագրեց, որ Գևորգյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել խախտումը:
Նշենք, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, բայց նրա վերաբերյալ գործն այլևս ՀՔԾ-ի վարույթում չէ, ուղարկվել է առաջին ատյանի դատարան:
Հիշեցնենք, որ Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացվել է 2018 թվականի օգոստոսի 21-ին, երբ նա մեղադրվում էր արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Ամիսներ շարունակ որոշումը չի ուղարկվել ի կատար ածվելու, և միայն այն բանից հետո, երբ նրան 2018 թվականի դեկտեմբերի 11-ին նրան նոր մեղադրանք է առաջադրվել, դեկտեմբերի 12-ին գույքի վրա արգելանք է դրվել: Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:





























