Թուրքիայում Մալաթիայի շրջակա միջավայրի պահպանության աշխատակիցները բռնագրավել են Հայրեթին Բայդողանին պատկանող պիթոն օձը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Մալաթիայի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը ահազանգներ է ստացել, որ Մալաթիայի այգում ամեն օր մի տարեց անձնավորություն զբոսնում է օձի հետ։ Վարչության աշխատակիցները մեկնել են այգի եւ բռնագրավել 9 ամսական օձին։
Մալաթիայի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մուսթաֆա Օները նշել է, թե օձը տանը պահելու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ։ «Հավանաբար, այդ պիթոնը անօրինական ճանապարհով է Թուրքիա բերվել։ Դրանք մինչեւ 6-7 մետր երկարության են հասնում։ Եթե սոված մնացին, կարող են երեխայի ուտել»,-նշել է Օները՝շեշտելով, որ եթե պիթոնի տերը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի, պիթոնին կհանձնեն նրան։
Պիթոնի տերը՝ Հայրեթին Բայդողանը նշել է, թե իր ընտանիքում բոլորն էլ սիրում են այդ օձին։ Իմ օձը ոչ ոքի չի անհանգստացնում։ Ես նրան տանում եմ այգի եւ զբոսնում եմ»,-ասել է պիթոնի տերը։





























