Փարիզի Salon du Livre գրքի սրահի հայկական տաղավարն այս տարի իր ներկայությամբ կպատվի Շառլ Ազնավուրը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Մշակույթի նախարարության մամուլի խոսնակ Գայանե Դուրգարյանը։

Նրա խոսքով, սրահում իրենց նմուշները կներկայացնեն հայաստանյան շուրջ 40  հրատարակչություններ։ «Այդ թվում, Salon du Livre-ում Հայաստանը կանցկացնի 11 գրքերի շնորհանդեսներ, բացի այդ, հայկական տաղավարում կլինեն հայկական գրատպության 500-ամյակին եւ «Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012» ակցիային նվիրված բուկլետներ եւ ցուցապաստառներ»,- տեղեկացրեց Դուրգարյանը։

Նա նաեւ նշեց, որ գրքի հայկական տաղավարում կներկայացվեն Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի եւ Հակոբ Գյուրջյանի մուլտիմեդիական հավաքածուները։

Նշենք, որ Փարիզի Salon du Livre գրքի ցուցահանդեսը կկայանա մարտի 19-21-ը։ Հայաստանն այդ ցվուցահանդեսին մասնակցում է արդեն երրորդ անգամ։ Հատկանշական է, որ այս տարի հայկական տաղավար կայցելի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։

Հատկանշական է, որ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 2012թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք: