Թերթը զրուցել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի հետ:
Դիտարկմանը, թե ՀԱԿ-ի առաջնորդը Ազատության հրապարակը «ազատագրած» ամբոխի «կայֆը կոտրեց»` բարի գիշեր մաղթելով եւ ուղարկելով տուն, եւ դրանից հետո կարծիքներ են հնչում, թե դա գործարք էր իշխանությունների եւ արմատական ընդդիմության միջեւ, պատգամավորը պատասխանել է.
«Այդ գնահատականները իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Տեղի ունեցածը լիովին համահունչ է Ծաղկաձորում նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած տեսակետի հետ, որ քաղաքական գործընթացները վերջին մեկ-երկու տարիներին ճիշտ ուղու վրա են, եւ վերջին հանրահավաքները ամբողջությամբ տեղավորվում են եւ օրենքի, եւ կոռեկտության շրջանակներում»։
«Որեւէ մեկը, առավել եւս հանրապետության նախագահը մեր նորօրյա պատմությունը սրբագրելու կամ վերաշարադրելու կարիք չունի` Ազատության հրապարակը, որտեղից սկսվել է Հայաստանի նորանկախ հանրապետության ծնունդը, վաղ թե ուշ պետք է դառնար հանրահավաքների հավաքատեղի։ Դա ընդամենը ժամանակի հարց էր, որովհետեւ օրենքում էլ որեւէ սահմանափակում չկա` հանրահավաքի անցկացման վայրի հետ կապված։
Խնդիրը պահի ճիշտ ընտրությունն էր, եւ այդ պահը երեկվա հանրահավաքն էր, դրանով պայմանավորված` Ազատության հրապարակում ժողովրդի մի հատվածի` սահմանադրությամբ ամրագրված իրավունքի իրացումը։ Տեղի ունեցածը այդ համատեքստում եմ գնահատում, իսկ պայմանավորվածությունների, ստվերային ինչ-որ գործարքների մասին խոսելը, կարծում եմ, բոլորովին անտեղի է»,- նշել է Դավթյանը։





























