Գերմանիայի Բունդեսթագը մարտի 17-ին մի շարք փոփոխություններ է ընդունել, որոնցով խստացվում են միգրանտներին ներկայացվող պահանջները, հաղոդում է n-tv հեռուստաալիքը: Միգրացիոն օրենսդրությունում փոփոխություններն ընդունվել են կառավարող կոալիցիայի կողմից:
Այսուհետ Եվրամիությանը չանդամակցող երկրներից միգրանտները Գերմանիայում կարող են կեցության անժամկետ թույլտվություն ստանալ միայն այն դեպքում, եթե անցնեն ինտեգրացիայի պարտադիր դասընթացներ եւ հանձնեն քննություններ, այդ թվում` գերմաներենից:
Այն միգրանտների համար, ովքեր չեն հաճախի ինտեգրացիոն դասընթացներին կամ չեն հանձնի քննությունները, կեցության ժամկետը կերկարացվի միայն մեկ տարով:
Բացի այդ, փոփոխություններ են կատարվել քրեական օրենսգրքում, ըստ որի փախստական ընտանիքներում հաճախ հանդիպող ստիպողական ամուսնությունները համարվելու են քրեական հանցագործություն եւ պատժվելու են մինչեւ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ:
Միաժամանակ` խստացել են նաեւ կեղծ ամուսնությունների դեմ պայքարի միջոցառումները: Մասնավորապես` Գերմանիայում ապրելու իրավունք կտրվի ամուսիններին` երեք, ոչ թե երկու տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո:




























