Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մարտի 19-ին, այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենք, որտեղ ավարտին են մոտենում ներքին հարդարման եւ հիմնական բարեկարգման աշխատանքները։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքը ներկայիս մասնաշենքից մեծ է լինելու 4 անգամ եւ զբաղեցնելու է 11 հազար 358 ք/մ տարածք։ «Նոր շենքը կարելի է դարի կառույց որակել ե՛ւ ճարտարապետական լուծումների, ե՛ւ նորագույն տեխնոլոգիաների համար։ Շենքը շահագործման կհանձնվի 2011-ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանապետության անկախության 20-րդ տարեդարձի օրը»,- ասաց Թամրազյանը։
Նրա խոսքով, սա ծրագրի առաջին փուլն է։ «Հովանավորները հսկայական ներդրումներ են անում այս նախագծի մեջ։ Ինչ վերաբերում է ծրագրի երկրորդ փուլին, ապա այդ առումով նախագահի այցի ընթացքում շատ կարեւոր հարց լուծվեց, այն է, Մատենադարանի ներկայիս մասնաշենքի վերակառուցման եւ շենքը թանգարանի վերածելու հարցը։ Սա շատ կարեւոր խնդիր է, քանի որ կառույցն իր մշակութային հարստության մի չնչին մասն է ներկայացնում։ Նախատեսվում է, որ շենքի վերակառուցումից հետո դրա ցուցադրական հնարավորությունները կբազմապատկվեն 5 անգամով՝ թույլ տալով մշտական ցուցադրությունների կողքին ունենալ 5 այլ ցուցասրահներ»,- տեղեկացրեց Թամրազյանը։
Նրա տեղեկացմամբ, ծրագրի երրորդ փուլով նախատեսվում է ողջ Մաշտոցի պողոտային՝ սկզբից մինչեւ Մատենադարանի տարածք, մշակութային շունչ հաղորդել։ «Մեր երազանքն է, որպեսզի Մատենադարանը սկսվի Մաշտոցի պողոտայի սկզբից, որպեսզի Երեւանի այդ հատվածը ձեռք բերի Մատենադարանի շունչը»։
Անդրադառնալով մատենադարանի նորակառույց եւ գործող մասնաշենքերի կառուցապատման եւ վերակառուցման ծախսերին՝ Հրաչյա Թամրազյանն ասաց, որ գումարների ճգշգրիտ չափերը պարզ կլինեն միայն սեպտեմբերի 21-ին։
Նոր մասնաշենքի շինարարությունն իրականացնող «Մատենադարան» հիմնադրի տնօրեն իր հերթին ավելացրեց, որ մինչ օրս հիմնադրամում 11 մլն 120 հազար դոլարի ներդրում է կատարվել։ Նախատեսվում է, որ շինարարությունը կավարտվի 2011 թվականի օգոստոսի 15-ին։
Նշենք, որ Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է։ Մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2008 թվականին։
Հիմնական մասնաշենքը (ճարտարապետ Մարկ Գրիգորյան) շահագործման է հանձնվել 1959 թվականին։




























