ԵՄ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները Բրյուսելում հանդիպում են անցկացրել` շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքի առաջնահերթությունները, նպատակները եւ կոնկրետ գործողությունները որոշելու համար:

«Եվրոպական միությունը շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագրի շրջանակում  Արեւելյան գործընկերության երկրներից, Եվրամիության անդամ պետություններից, ԵՄ կառույցներից բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաեւ միջազգային գործընկերները մասնակցել են Բրյուսելում առաջին միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում գործընկերները կարողացել են պայմանավորվել կոնկրետ երկրների համար աշխատանքային ծրագրերի մասին՝ բարենպաստ տնտեսական աճը եւ հասարակության կայունությունը եւ քաղաքացիների բարեկեցությունը բարելավող քաղաքականության իրականացման եւ կատարելագործման համար:

«Բնապահպանական ոլորտում Արեւելյան գործընկերության երկրների հետ մեր համագործակցությունը ավելի  ուժեղ է, քան երբեւէ, եւ արդեն շոշափելի առավելություններ է տալիս ողջ տարածաշրջանի քաղաքացիների ամենօրյա կյանքում:

ԵՄ-ն եւ արեւելյան գործընկերները միասին աշխատում են մեր համատեղ հավակնությունների ընդլայնման ուղղությամբ՝  շրջակա միջավայրի եւ կլիմայի պաշտպանության խնդիրների լուծման համար», - ասել է Եվրահանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ  Կատարինա Մատերնովան:

Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան հանձնառու են ակտիվորեն իրականացնել Կայուն զարգացման ոլորտում նպատակները եւ այլ միջազգային պարտավորությունները, ներառյալ Փարիզի Համաձայնագրին համապատասխան՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարին վերաբերող հարցերը:

Բացի այդ Արեւելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ն «20 արդյունք  2020-ին»-ի շրջանակում իր գործընկերների հետ նաեւ համաձայնեցրել է որոշակի նպատակներ:

Այդ համատեքստում EU4Environment  ծրագիրը  աջակցում է երկրներին ավելի կանաչ, ավելի արդյունավետ եւ կայուն տնտեսությանն անցում կատարելու, ինչպես նաեւ բնապահպանական խնդիրների լուծման համար: Լրացուցիչ միջոցները իրականացվելու են EU4Climate ծրագրի շրջանակում: