ԱԺ քննարկմանը տվյալ օրինագծի ներկայացումը պայմանավորված է ՍԴ որոշմամբ եւ պահանջով: Հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստին «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում եւ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկմանն այս մասին ասաց արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը:

Նրա խոսքով՝ օրինագծերի տվյալ փաթեթով սահմանված են  ՔԿՀ-ում դատապարտյալների իրավունքները՝ հաշվի առնելով նրանց կատարած հանցագործությունները:

Այսպես՝ փոխնախարարը նշեց, որ առաջարկված օրինագծերի փաթեթով, մասնավորապես սահմանվում է, թե որ դեպքերում  դատապարտյալն իրավունք ունի ծանրոցներ, ծրարներ եւ նամակներ ստանալ:

Բացի այդ ըստ Խաչիկյանի, որոշվում են դրամական փոխանցումների իրականացման  եւ այդ փոխանցումների միջոցով կանխիկ գումարի ստացման պայմանները, իսկ բացառություն են համարվում առաջին անհրաժեշտության իրերը:

Օրենքի նախագծով, ըստ նրա, որոշում է նաեւ դատապարտյալների մասնակցությունը քաղաքացիաիրավական գործարքներում, ինչպես նաեւ հանդիպումների օրերը եւ կանոնները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նաեւ սահմանվում են ՔԿՀ-ներում բանտարկյալների կողմից հեռախոսների  օգտագործման կանոնները:

Բացի այդ պարզաբանվում է, թե որ դեպքերում է ուղղիչ գաղությում գտնվելու ժամանակ կալանավորին արգելվում կամ թույլատրվում աշխատել պատժախցում: