ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելան մարտի 21-ը հռչակել է բոլոր տեսակի ռասսայական խտրականությունների վերացման միջազգային օր: Այս օրերին աշխարհի ամենատարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ ակտիվորեն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, հանուն հանդուրժողականության, հավասար իրավունքների եւ բազմազանության:

Այս տարի մարտի 22-27-ին Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվելու է մեկշաբաթյա արշավ` ընդդեմ խտրականության, որը կազմակերպում է UNITED For Intercultural Action կազմակերպությունների ցանցը, որը կազմված է 560 եվրոպական կազմակերպություններից: Այս տարի արշավին միացել է նաեւ Երեւանը:

Մարտի 22-27-ին 4 կազմակերպություններ` «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» կազմակերպությունը, AEGEE-Yerevan կազմակերպությունը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ «Երիտասարդական շունչ» հկ-ն` միանալով եվրոպական մի շարք կազմակերպությունների, կանցկացնեն հակառասիստական արշավը Երեւանում:

Մեկշաբաթյա արշավի ընթացքում կկազմակերպվեն ՀՀ-ում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչների մշակույթների ներկայացումներ, ֆիլմերի դիտումներ, օնլայն ֆլեշմոբեր, տեղեկատվական արշավներ, դասընթացներ երիտասարդների եւ ուսանողների համար եւ քննարկումներ: