Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 22-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ Լուկա Բեբիչին եւ նշել, որ ջերմությամբ է հիշում 2009թ. Խորվաթիա կատարած իր այցի ժամանակ Զագրեբում  Լուկա Բեբիչի հետ տեղի ունեցած հանդիպումը:

«Ուրախ եմ, որ վերջին երկու-երեք տարիներին բարձր մակարդակի մեր շփումները շարունակվում են: Բնականաբար,  դրանք օգնում են հարաբերությունների խորացմանը: Մեր երկրների, ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու, համագործակցությունը խորացնելու  գործում, իհարկե, միջխորհրդարանական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն: Կարեւոր է, որ եւ՛ ձեր, եւ՛ մեր խորհրդարաններում բարեկամական խմբեր են ձեւավորվել: Վստահ եմ, որ մեր պատգամավորների փոխայցելությունները կրելու են պարբերական բնույթ: Բարով եք եկել Հայաստան, եկել եք բարեկամների մոտ, եւ մենք դրա համար ուրախ ենք»,- Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը երկուստեք կարեւորվել է 2011թ.  նախատեսված` Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան, որը նոր թափ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերություններին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նախագահի հետ գործարարների այցը Հայաստան եւ հայ գործընկերների հետ շփումները լավ հնարավորություն են տնտեսական համագործակցության զարգացման ու երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման համար:  Հեռանկարային են համարվել մշակույթի, զբոսաշրջության ենթակառուցվածքների, այդ թվում` էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը:

Նախագահ Սարգսյանը եւ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակը խոսել են նաեւ ԵՄ-ի հետ համագործակցության, տարածաշրջանային խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: