Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան տիկին Դիանա Յանսեի (նստավայրը՝ Թբիլիսի) հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը հույս է հայտնել, որ ինչպես իր նախորդները, դեսպան Յանսեն իր կարեւոր նպաստը կբերի Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Խոսելով երկկողմ հայ-շվեդական հարաբերությունների մասին, նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում: Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանն առանձնացրեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, քաղաքական երկխոսությունը, տնտեսական փոխգործակցությունը եւ մշակութային փոխանակումները:
Արտգործնախարարը ողջունել է նաեւ ապրիլի սկզբին Շվեդիայի ԱԳ նախարար Կարլի Բիլդտի Հայաստան կատարելիք այցի օրակարգը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը եւ համագործակցության գործող ձեւաչափերի շրջանակներում կատարվող աշխատանքներին:



























