Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը բանակցություններ է վարում , որպեսզի Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։ Դեսպանության կողմից արդեն իսկ բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպել արդեն իսկ այսօր»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Հուրգադա–Երեւան չվերթի չեղարկման արդյունքում ՀՀ մոտ 100 քաղաքացի մնացել է Հուրգադայում:  Հուրգադա–Երևան թռիչքը չի կայացել, քանի հայաստանյան տուրօպերատորը ավիափոխադրողին չի վճարել չվերթի համար: