Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ  «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի նախագահ Իգոր Մակարովը hամաձայնագիր են ստորագրել Երեւանի քաղաքապետարանի եւ  «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի միջեւ համագործակցության վերաբերյալ։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նշել է, որ այս համաձայնագիրը փոխշահավետ գործակցության նոր սկիզբ է դնում. «Մեր համոզմամբ մայրաքաղաքում ներդրումային դաշտը բավական մեծ է:  Կան ոլորտներ, որտեղ  կարելի է իսկապես շահավետ ներդրումներ  կատարել»,-ասել է նա:

«Մեզ համար մեծ պատիվ է Երեւանում գտնվել  ու ներդրումներ կատարել քաղաքի զարգացման գործում»,- ընդգծել է Ի. Մակարովը:

«ԻՏԵՐԱ»-ն, որի կազմում ընդգրկված են  156 ընկերություններ,  այսօր բազմակողմ ծրագրեր  է իրականացնում աշխարհի 24 երկրներում` քաղաքաշինական,  քաղաքային ենթակառուցվածքների, բնակելի թաղամասերի,  շենքային համալիրների ու  էլեկտրակայանների շինարարության ասպարեզում:

Որոշակի փոփոխություններ են ակնկալվում  նաեւ մայրաքաղաքի սպորտային կյանքում: Որպես  ՌԴ հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ եւ նույն մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, Ի. Մակարովը եւ Կ. Կարապետյանը  այցելել են  կառուցվող նոր հեծանվահրապարակ,  քննարկել  են միջոցառումների ծրագիր, որը հնարավորություն կտա  այս ոլորտում  միջազգային բարձր կարգ ապահովել եւ համաշխարհային մակարդակի մրցումներ անցկացնել:

Ըստ ստորագրված համաձայնագրի, «ԻՏԵՐԱՆ»  պարտավորվում է 2011-2016թթ. մայրաքաղաքում ներդրումային խոշոր ծրագրեր իրականացնել զբոսաշրջության, առեւտրի եւ հանրային սպասարկման, այգիների, կանաչ տարածքների զարգացման եւ միշարք այլ ոլորտներում։ Մասնավորապես նախատեսվում է մինչեւ 2016թ. մայրաքաղաքում կառուցել նոր բազմաֆունկցիոնալ կենտրոն եւ միջազգային չափանիշներին  համապատասխան բարձրակարգ հյուրանոց։ «ԻՏԵՐԱՆ» կիրականացնի նաեւ «Նոյլենդ» («Նոյի գյուղ») զբոսաշրջային համալիրի կառուցումն ու մի շարք այլ նախագծեր։

Երեւանի քաղաքապետարանը, ըստ համաձայնագրի, ՀՀ օրենսդրության շրջանակներում եւ սահմանած կարգով, պարտավորվում է ըստ ամենայնի օժանդակել մայրաքաղաքում կորպորացիայի ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ մատուցելով խորհրդատվական, տեղեկատվական եւ անհրաժեշտ այլ ծառայություններ։

Ծրագրերի ժամկետների վերջնական ժամանակացույցը կհստակեցվի առաջիկայում` բիզնես պլանների հաստատումից հետո։