Այն փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրավիճակի վերաբերյալ զեկույցում խոսվում է այդ շրջանների խայտառակ վիճակի, բնակչության անմարդկային կենսապայմանների մասին, պարզապես հայկական կողմի ամոթն է: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Պարզապես խայտառակություն է, որ մինսկյան միջնորդները խոսում են այդ տարածքների բնակչության կենսապայմանների մասին: Միեւնույն ժամանակ, եթե հայկական կողմը զբաղվեր այդ տարածքների վերաբնակեցման խնդիրներով, կյանքի համար նորմալ պայմանների ապահովմամբ, միջազգային հանրության դիրքորոշումն այդ տարածքների մասին բոլորովին այլ կլիներ, անգամ Բաքուն այդքան լպիրշ հայտարարություններ չէր անի»,- նկատել է Հովհաննիսյանը:
Անդրադառնալով զեկույցի այն դրույթին, որով գնահատման առաքելությունը «օկուպացված» է որակել ԼՂՀ հարակից շրջանները, այլ ոչ Լեռնային Ղարաբաղը, պատգամավորը դա դրական է որակել, բայց նկատել է. «Միջազգային հանրությունն իր պատկերացումներն ունի Լեռնային Ղարաբաղի սահմանների մասին, որոնք համընկնում են ԼՂԻՄ նախկին սահմանների հետ, իսկ մենք` այլ պատկերացումներ: Մեզ համար Լեռնային Ղարաբաղը ԼՂԻՄ-ն է եւ հարակից շրջանները»:
Նշենք, որ նախօրեին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների իրավիճակի վերաբերյալ գնահատման առաքելության զեկույցը:




























