Սեպտեմբերի 4-ին Սերբիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչին (Aleksandar Vučić)։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Վուչիչը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը եւ տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների։

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը նշեց, որ հայ-սերբական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ եւ վերահաստատեց իր հանձնառությունն ակտիվ գործունեությամբ եւ համատեղ ջանքերով նպաստելու հայ-սերբական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։