Շիրակի մարզի Ազատան համայնքի ֆերմերները պնդում են, որ պաշտպանության նախարարությանը 2009 թ-ից իրենց վաճառած կարտոֆիլի դիմաց վճարումներն ամբողջովին կատարված չեն եւ ազատանցիները դեռ 3 միլիոն դրամի ակնկալիք ունեն:
«2009թ. ենք կարտոֆիլը վաճառել, ֆերմերները 3 միլիոն դրամի ստանալիք ունեն, որը 100 տոննա կարտոֆիլի գումարն է, քանի որ ընդամենը 30 դրամով ենք վաճառել»,- NEWS am-ի թղթակցի հեզ զրույցում ասել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը `հավելելով, որ «ամեն տարի էլ ՊՆ-ի հետ գործարք արել ենք, բայց նման խնդիր չի եղել: Մեզ մի քանի անգամ հավաստիացրել են, որ ՊՆ-ն պարտք չէ, վճարել է ամբողջ գումարը, որ մեզ խաբել են միջնորդները»:
«Մեր գումարները որտեղ են կորել, դժվարանում եմ ասել, քանի որ մի քանի միջնորդներ են եղել, որոնք ընտրվել են ՊՆ-ն կողմից հայտարարված մրցույթների ժամանակ ու գնել են 30, պաշտպանության նախարարությանը հանձնել 80 դրամով: Հիմա ասում են մենք տվել ենք, իսկ ո՞վ չի տվել»,- ասել է ազատանցի ֆերմեր Գագիկ Պողոսյանը` շարունակելով, որ ուր էլ որ կորած լինեն Ազատանի ֆերմերների գումարները, միեւնույն է պաշտպանության նախարարությունը պետք է ձեռնարկի բոլոր քայլերը` պարզելու, թե միջնորդների որ օղակում է թույլ տրվել սայթաքումը, քանի որ, ըստ ֆերմերի «շոշափվում, շահարկվում է ՊՆ-ն, մեր երկրի, պետության անունը»:
Խնդրի վերաբերյալ պարզաբանում է տվել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: « ՊՆ-ն իր տեսակետը վաղուց արտահայտել է, տեղի է ունեցել հանցագործություն, ու իրավապահ մարմիները պարտավոր են զբաղվել խնդրով ու ընթացք տալ: Նախարարությունը վճարել է այդ գումարները եւ այսօր չի պատրաստվում խնդրել միջնորդ կազմակերպություններին, որ վճարեն գյուղացուն»,- ասել է նա:





























