Թերթը գրում է, որ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին սկսվել է դրա դատապարտման եւ ճանաչման պահանջներով արշավը:
«Ժամանակն է կոնկրետ գործերով իրականացնելու հույսերը»: Սա է 2011 թվի Հայոց ցեղասպանության ցուցատախտակի պատգամը: «Peace of Art» կորպորացիայի հովանավորությամբ պատրաստված ցուցատախտակներն ապրիլի 4-ից կբարձրացվեն Ուոթերթաունի Մաունթ Օբըրն փողոցի սյուների վրա:
Իսկ Ֆոքսբորոյում, «Ժիլետ» մարզադահլիճի մոտակայքում արդեն իսկ տեղադրված ցուցատախտակը կոչ է անում «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Պատգամը հղում է 2009 թվին խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ նախագահ Օբամայի խոսքերին, որոնցով նա այդ որոշումը որպես ավելի «գործողության կոչ» ընդունեց, քան իր ձեռքբերումների գնահատանք: «Peace of Art»-ի հիմնադիր եւ տնօրեն Դանիել Վարուժան-Հաճինյանն էլ այս տարվա ցուցատախտակներով ցանկանում է հիշեցնել նախագահ Օբամային, որ հիմա է ժամանակը «կոնկրետ գործերով իրականացնելու հույսերը»,- գրում է «Ազգ»-ը:





























