Իհարկե, եթե տեղի ունենա ապոկալիպտիկ բռնկում, ապա մարդկության փրկության մասին խոսք լինել չի կարող։ Իսկ մնացած դեպքերում կարեւոր է ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում։ Անվտանգ վայրերի վարկանիշն էլ կազմել են գիտնականները, տեղեկացնում է Planet- today-ը։
Դրա համար որոշվել են հնարավոր համավարակից պատսպարվելու բնութագրիչները։ Դրանց թվում են թե՛ ֆիզիկական վայրը, թե՛ առկա բնական ռեսուրսները, թե՛ անգամ այդտեղ ձեւավորվող հասարակության սոցիալական առանձնահատկությունները։ Միեւնույն ժամանակ, փոքր կղզիները գիտնականներն առհասարակ չեն դիտարկել։ Դա կապված է այն բանի հետ, որ անգամ եթե դրանց վրա կարողանան գոյատեւել բնակչության ինչ-որ առանձին խմբեր, ապա նրանց թվաքանակը, հատկապես տեխնիկական փորձագետների առումով, բավարար չի լինի տեխնոլոգիական քաղաքակրթության վերականգնման համար։
Արդյունքում՝ սահմանվել է առաջնորդների եռյակը. Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ Իսլանդիա։ Գիտնականների կարծիքով՝ հենց այստեղ կարող է մարդկությունը ոչ միայն գոյատեւել, այլեւ հաջողությամբ վերստեղծել տեխնոլոգիական հասարակությունը։ Զգալիորեն անհարմար են, բայց եւ այնպես, նոր մարդկության հայրենիք դառնալու շանս ունեն Ճապոնիան, Կուբան, Ֆիջին, Յամայկան եւ Բարբադոսը։ Համաճարակի տարածումը կանխելու համար նրանք բոլորը պետք է առավելագույն կարճ ժամկետում փակեն իրենց հասանելիությունը։ Իսկ ինչ վերաբերում է մնացած տարածքներին, ապա նրանք, ինչպես հաշվարկել են փորձագետները, պարզապես չեն կարողանա ապահովել գոյատեւման համար անհրաժեշտ պայմաններ։
Գիտնականներն ընդգծել են, որ իրենց մեթոդաբանությունը լիարժեք չէ, եւ դրանում կարող են լինել տարբեր տեսակի թերություններ։ Այնուամենայնիվ, որպես աղետի դեպքում գործողություների տխուր ծրագիր այն միանգամայն հարմար է։




























