Միջազգային հետազոտական խումբը՝ Վիեննայի համալսարանի հնէաբանության ինստիտուտից Ջուզեպե Մարամայի ղեկավարությամբ հայտնաբերել է քարացած եւ լավ պահպանված բրածո կատվաձկան մնացորդներ, որի անատոմիան զգալիորեն տարբերվում է ժամանակակից կատվաձկների կառուցվածքից եւ չի համապատասխանում այս էակների էվոլյուցիայի պատմությանը, հայտնում է Scientific Reports-ը:
Բրածոն արդեն թույլ է տվել նորովի տեսնել կատվաձկների էվոլյուցիան, ինչպես նաեւ ավելի լավ հասկանալ 66 մլն տարի առաջ տեղի ունեցած զանգվածային բնաջնջումից հետո ծովային էկոհամակարգերի վերականգնման մեխանիզմը:
Քարացած բրածոն գտնվել է Իտալիայի հյուսիս-արեւելքում, որը հարուստ է այսպիսի բրածոներով: Հետազոտությունների ամբողջ ընթացքում այս շրջանում հայտնաբերվել է հնագույն ձկների ավելի քան 230 տեսակ:
Այս դեպքում խոսքը կատվաձկան մասին է, որը բնակվել է մոտ 50 մլն տարի առաջ, այսպես կոչված, էոցենի ժամանակաշրջանում: Նա ուներ տափակ մարմին եւ ձվաձեւ կրծքային սկավառակ: Այս եզակի կենդանին ստացել է Lessiniabatis aenigmatica անունը:
Գիտնականներին զարմացրել են նրա կառուցվածքի առանձնահատկությունները: Ի տարբերություն ժամանակակից կատվաձկների եւ ավելի վաղ գտնված բրածո կատվաձկների՝ այս էակը խայթ չուներ: Դրանից բացի, նրա պոչը անչափ կարճ էր՝ շատ ավելի կարճ, քան ժամանակակից կատվաձկներինը: Այն նաեւ այլ կերպ էր տեղակայված: Գիտնականները նման ոչ մի բան չէին տեսել կատվաձկների մոտ՝ որ ժամանակում էլ դրանք բնակված լինեին:
Կատվաձկները (Myliobatiformes) կռճիկակմախքավոր ձկների անչափ բազմակերպ խումբ են: Նրանք հայտնի են իրենց պոչի թունավոր խայթով, որն օգտագործում են այլ գիշատիչների դեմ, իսկ երբեմն նաեւ մարդու դեմ: Ընդ որում՝ խայթը կարող է մեկից ավելի լինել՝ կախված կատվաձկան տեսակից: Սակայն քարացած նմուշն իր պոչը, հավանաբար, միանգամայն այլ կերպ է օգտագործել:
Ջուզեպե Մարամայի խոսքով՝ 50 մլն տարի առաջ ոչ տիպիկ օրգանի հայտնվելը այնպիսի էակների մոտ, ինչպիսին Lessiniabatis aenigmatica-ն է, ինտրիգային է: Դա վկայում է այն մասին, որ ծովային էկոհամակարգերի վերականգնման գործընթացում եղել է ահռելի դիվերսիֆիկացիա:
Հնարավոր է, որ այդ ժամանակ ձկների միանգամից մի քանի խմբերի մոտ հայտնվել են անատոմիական նոր առանձնահատկություններ: Սակայն ժամանակի ընթացքում դրանք ցուցադրել են իրենց ոչ արդյունավետությունը, եւ դրանցով օժտվածներն աստիճանաբար վերացել են:





























