Լիբանանում այս պահին հիմնական ճանապարհները փակ են, բաց են միայն միջքաղաքային ճանապարհները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Լիբանանում շարունակվող քաղաքացիական ակցիաների պայմաններում իրավիճակի մասին։

«Այս պահի դրությամբ հիմնական ճանապարհները փակ են, բայց կողմնակի ճանապարհները, այսինքն՝ քաղաքների միջեւ մարդկանց տեղաշարժը թույլատրվում է։ Պետական հաստատությունները եւ բանկերը փակ են, գործառնություններ չեն իրականացվում: Հարկային քաղաքականության դեմ բողոքի ակցիան հասել է քաղաքական պահանջների, այսինքն՝ քաղաքացիական եւ կենցաղային պահանջները տեղափոխվել են քաղաքական հարթություն՝ կառավարության հրաժարական, անցումային կառավարություն, արտահերթ ընտրությունների կազմակերպում, ապօրինի հարստության դեմ վճռական քայլեր, հափշտակված գումարի վերադարձ, դատական հայցեր են սկսել կոռումպացված պետական նախկին գործիչների դեմ, նոր սահմանադրության ձեւավորում»,-նշեց նա։

Գանտահարյանի խոսքով՝ այս բոլորը մեկ նրբությամբ պետք է ընկալել, որ ցուցարարների անունից լիազորված մարմին չկա, շարժումը տարերային է։

Նա չի բացառում, որ տարերայնությունը մարտավարություն է, որպեսզի այդպիսով հնարավոր չլինի ճնշում գործադրել ցուցարարների վրա։

«Ընդհանուր պահանջների բանաձեւը կարելի է ընկալել որպես համակարգի վերափոխման պահանջ, ուզում են տեսնել պրոֆեսիանալների կառավարություն, կազմել անցումային կառավարություն, որի հիմնական գործառույթը լինելու է արտահորթ ընտրությունների կազմակերպումը:

Երեկ հետաքրիր ակցիա էր, որովհետեւ մարդիկ հյուսիսից հարավ շղթա էին կազմել, գնահատվում էր շուրջ 170 հազար ցուցարար, ու Լիբանանը հայտնվել է ամենանշանավոր միջազգային լրատվականների ուշադրության կենտրոնում»,-նշեց Շահան Գանտահարյանը։

Նա, սակայն, դժվարանում է իրադարձությունների ընթացքը կանխատեսել․ «Բարդ է ընթացքը կանխատեսելը, որովհետեւ բանակցություններ չկան, փոխզիջման տարբերակներ չկան, պարզ չէ՝ կառավարությունը հրաժարական կտա, թե ոչ, բողոքի հանրահավաքները երեկոյան են հիմնականում լինում»։

Շահան Գանտահարյանը հավելեց, որ ընդհանուր հայ համայնքի անունից պաշտոնապես մասնակցություն ցույցերին չկա, սակայն ցուցարարների շարքերում հայեր կան․«Միաժամանակ հոգեւոր եւ կուսակցական մարմիններից տեսակետներ են հնչել, որ շարժումը մնա քաղաքացիների իրավունքները եւ բարեկարգումներ ապահովելու շրջանակներում եւ չշահարկվի քաղաքական այս կամ ուժի կողմից։ Շարժումը համաժողովրդական է, նաեւ հայեր են մասնակում ակցիային եւ ցուցարաների պահանջների, ցասումի ըմբռնում կա»։

Նշենք, որ Լիբանանում ցույցերը սկսվել են հոկտեմբերի 17-ից՝ «WhatsApp»-ի զանգերի համար նոր հարկատեսակ կիրառելու մասին կառավարության որոշումից հետո։

Բացի այդ, բանակի եւ ցուցարարների միջեւ բախումներ են սկսվել, եղել են տուժածներ։

Ցուցարարները պահանջում են ցրել կառավարությունն ու խորհրդարանը, արտահերթ ընտրություններ անցկացնել, չեղարկել քաղաքականության մեջ եկեղեցական քվոտաները: Մի շարք համալսարաններ հայտարարել են անորոշ ժամանակով դասերն ու քննությունները հետաձգելու մաիսն, փակ են մնում երկրի բանկերը: