Հայաստանին եւ Բուլղարիային ուղիղ մշտական ավիահաղորդակցություն է անհրաժեշտ: Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիեւան:
«Իմ առաջին այցն է Հայաստան, հուսով եմ, ոչ վերջին: Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն Բուլղարիան եւ Հայաստանն ընդհանրություններ ունեն, ինչը ձեւավորվել է պատմականորեն: Բուլղարիայում գրեթե 11 000 հայ է բնակվում: Եվ դա ավելի է մտերմացնում»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ Բուլղարիայում առաջին հայկական դպրոցը բացվել է 19-րդ դարի կեսերին, իսկ այժմ երկրում 8 դպրոց կա, որտեղ հայերեն են ուսուցանում, հայերեն կարելի է սովորել նաեւ համալսարաններում:
Սակայն երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը բարդացնում է հարաբերությունների հաստատումը: «Այստեղ հասնելու համար 10 ժամ պահանջվեց, սակայն մենք այդքան մոտ ենք: Ուղիղ չվերթի դեպքում ընդամենը մի քանի ժամ կպահանջվեր»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ Բուրգասից եւ Վառնայից չարթերային չվերթներ են գործում, սակայն Երեւան-Սոֆիա ուղիղ չվերթ չկա: «Դժվար է պատկերացնել գործարարի, որը կճամփորդի 10 ժամ»,- խոստովանեց նախարարը:
Բացի այդ, նա հայտնեց, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկել են առեւտրային հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Զախարիեւան նշեց, որ 2019-ի առաջին 6 ամիսների ընթացքում առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 20 մլն, սակայն, նրա խոսքով, դա քիչ է: Որպես համագործակցության ուղղություններ կողմերը դիտարկում են մեքենաշինությունը, սննդի արդյունաբերությունը, IT-ն, բժշկությունը: Նախարարի խոսքով՝ Բուլղարիայում ստարտափերի աջակցության համար ԵՄ հատուկ հիմնադրամներ են գործում, եւ կարելի է կազմակերպել դրանց մուտքը Հայաստան եւ տաղանդավոր երիտասարդության որոնումը: Նա հաստատեց Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով համագործակցությունը զարգացնելու մտադրությունը: Այդ համատեքստում նախարարը նշեց, որ Բուլղարիայի աջակցությամբ Հայաստանում մի շարք ծրագրեր կիրականացվեն, եւ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի:





























