Հայաստանի եւ Բուլղարիայի կառավարությունների միջեւ ստորագրվել են երկու համաձայնագրեր: Փաստաթղթերը ստորագրվել են Երեւան Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիեւայի պաշտոնական այցի շրջանակում:

Համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա կապերի վրա, իսկ հայ համայնքի պատմությունը սկսվում է 5-րդ դարից: «Բուլղարիայի հայ ազգային հերոսները (Անդրանիկ Օզանյանը եւ Նժդեհը – խմբ.) ակտիվորեն մասնակցել են բուլղար ժողովրդի ազատագրական պայքարին եւ բարձր պարգեւների են արժանացել»,- նշեց նախարարը: Նրա գնահատմամբ՝ հարաբերությունները բազմաշերտ են, դրանք զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Բուլղարիան Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացրած 16 երկրների թվում է: Նրա խոսքով՝ տնտեսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, բայց գործընթացն անբավարար է: Նախարարը նաեւ ընդգծեց միջկառավարական հանձնաժողովների եւ պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքի կարեւորությունը:

Բուլղարացի նախարարի այցի շրջանակում 2 երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել է ուղեւորների եւ բեռների փոխադրման մասին համաձայնագիր (փոխարինել է 1995 թվականի պայմանագրին) եւ հետընդունման մասին համաձայնագիր:

«Քննարկել ենք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Ես ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը: