Հնէաբանների միջազգային խումբը՝ Պեկինի Երկրի մասին գիտությունների չինական համալսարանից Սին Լիդի ղեկավարությամբ, սաթի մեջ հայտնաբերել է նախկինում գիտությանն անհայտ տեսակի շատ փոքր փետրվար գիշատչի մնացորդներ, հայտնում է Global Times-ը:
Սաթը գտնվել է Մյանմարի հյուսիսում: Հետազոտողների համար նման գտածոները միշտ մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ հնագույն խեժում հաճախ են հանդիպում տարբեր միջատներ, կենդանիներ եւ բույսեր:
Այս անգամ գիտնականները սաթի կտորի մեջ հայտնաբերել են շատ փոքր գիշատչի մնացորդներ, որը բնակվել է շուրջ 100 մլն տարի առաջ: Այս հայտնագործությունը ցույց է տալիս թռչունների մեծ բազմազանությունը, որոնք ապրել են դինոզավրերի դարաշրջանում: Դրանից բացի, այն կօգնի փետուրների էվոլյուցիայի հետազոտմանը:
Հետազոտողների մոտ են հայտնվել թռչնաթաթերի ոսկորների եւ կաշվի մի քանի կտորներ: Դրա կառուցվածքը հաջողվել է վերաստեղծել սքանավորման միջոցով: Գիտնականների կարծիքով՝ սա ծառի վրա ապրող թռչուն էր:
Ուժեղ եւ ամուր մատների հետազոտությունը, որոնք երկար ճանկեր ունեին, թույլ է տվել որոշել, որ դա գիշատիչ թռչուն էր: Այն դասվում է նախկինում գիտությանն անհայտ տեսակի՝ էնանցիորնիսների ենթակարգից: Այս թռչուններն ունեին ատամներով կտուց, չնայած կարծիք կա, որ սնվել են միայն ոչ մեծ միջատներով:
Սաթը բերվել է Հուկոնգ հովտից՝ Մայնմարի լեռնային շրջան, որն աչքի է ընկնում տեղումների առատությամբ եւ բազմաթիվ գետերով: Բնիկներն այն անվանում են «վայր, որտեղ դեւեր են ապրում»:
Այս տարածքում նախկինում էլ են գտել նախապատմական արարածների արտառոց քարացած մնացորդներ: Սա խոսում է այն մասին, որ հնադարում այստեղ գոյություն է ունեցել յուրահատուկ էկոհամակարգ:





























