Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը կապ չունի Դսեղ գյուղի ոռոգման խողովակների ապամոնտաժման եւ Փամբակ կայան տեղափոխելու հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Քոչարյանի օգնական Տիգրան Բադոյանը` մեկնաբանելով մամուլի հրապարակումները: «Այդ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այդ լուրը գրողները հղում են արել իրենց անանուն աղբյուրներին, փոխանակ գնային, ու անձամբ ստուգեին` Փամբակում նման խողովակներ կա՞ն, թե` ոչ»,-հայտարարեց Բադոյանը` լուրը գնահատելով որպես «հերթական տաֆտոլոգիա»:

Նա, սակայն, չպատասխանեց հարցին, թե արդյոք մարզպետը Փամբակում գազալցակայան կառուցո՞ւմ է, որտեղ էլ պետք է օգտագործվեն ապամոնտաժված խողովակները: «Գիտեք, դա իր անձնական խնդիրն է, ես չեմ պատասխանի այդ հարցին: Ես իրավասություն չունեմ նման հարցի պատասխանելու, քանի որ գազալցակայանը մարզպետարանի իրավասությունների ներքո չէ: Այնպես որ դիմեք մարզպետին»,-հայտարարեց Քոչարյանի օգնականը: Վերջինս, ի դեպ, պաշտոնական այցով այս օրերին գտնվում է Վրաստանում եւ կվերադառնա առաջիկա օրերին:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Լոռվա Դսեղ գյուղի հարթավայրային վարելահողերից, մարզպետ Արամ Քոչարյանի հրահանգով, հանվել են ոռոգման բոլոր խողովակները եւ տեղափոխվել Փամբակ կայարան, որի մոտակայքում մարզպետը գազալցակայան է կառուցում: Խողովակները պետք է օգտագործվեն այդ գազալցակայանի համար: