Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վտանգի մակարդակը հասել է առավելագույնի, հավասարվելով չեռնոբիլյան աղետի մակարդակին:
Ճապոնիայի միջուկային եւ արդյունաբերական անվտանգության հարցերի հանձնաժողովն (NISA) իր այսօրվա` ապրիլի 12-ի նիստում հայտնել է, որ վթարի ենթարկված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ժամում 10 հազար ՏԲկ (տերաբեկերել) ճառագայթում է տարածվում, ինչը ատոմագետներին հիմք է տվել ասելու, որ ԱԷԿ-ը միջազգային սանդղակով (INES) ունի առավելագույն` 7-րդ աստիճանի վտանգավորության մակարդակ:
Մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից եւ դրան հաջորդած ցունամիից հետո «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում շարքից դուս էր եկել սառեցման համակարգը եւ հայտարարվել էր արտակարգ վիճակ: Մի քանի էներգաբլոկներում պայթյուններ էին գրանցվել, ինչը հանգեցրել էր ռադիոակտիվ տարրերի արտանետման: Իշխանությունները տարհանել էին մարդկանց ԱԷԿ-ից 20 կմ շառավղով: Ավելի ուշ տեղեկություններ էին տարածվել, որ Ճապոնիայի մի շարք շրջաններում ռադիոակտիվ տարրեր են հայտնաբերվել օդում, ծովի ու խմելու ջրերի եւ սննդի մեջ:
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր համարվող TEPCO ընկերության ինժեներները ապրիլի 9-ին սկսել են պողպատե պարիսպ կառուցել ԱԷԿ-ի տարածքում, որպեսզի թույլ չտան ռադիոակտիվ տարրերի թափանցումը Խաղաղ օվկիանոս:
Նախորդ շաբաթ TEPCO-ն Խաղաղ օվկիանոսն է լցրել 11,5 տոննա ցածր ռադիոակտիվության աստիճան ունեցող ջուր, որպեսզի ազատված պահեստարանները լցնի բարձր ռադիոակտիվության աստիճան ունեցող ջրով: Ընկերությունը հայտարարել է, որ ցավում է նման որոշում կայացնելու համար, սակայն տվյալ իրավիճակում այլ ելք չկար:
Նշենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզորագույն երկրաշարժից եւ դրան հետեւած ցունամիից հետո արդիական է դարձել աշխարհի բոլոր երկրներում կառուցված ատոմակայանների անվտանգության հարցը:
Գերմանիան դարձել է առաջին երկիրը, որը քայլեր է ձեռնարկել ատոմային նախագծերը դադարեցնելու ուղղությամբ։ Այդ երկիրը երեք ամսով կդադարեցնի մինչեւ 1980 թվականը կառուցված ատոմային էլեկտրակայանների աշխատանքը՝ դրանց հետագա շահագործման հնարավորությունները ստուգելու համար:
Իսկ ահա Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ իր երկիրը հետեւություններ կանի Ճապոնիայում տեղի ունեցած միջուկային վթարից, սակայն չի հրաժարվի մինչեւ 2023-ը երեք ԱԷԿ-ներ կառուցելու իր պլաններից:
Հայկական ԱԷԿ-ը, որը տեղակայված է Երեւանից 30 կմ հարավ՝ Մեծամոր քաղաքում, միակն է տարածաշրջանում։ Նշենք, որ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգետիկայից՝ նույնիսկ Ճապոնիայում տեղի ունեցած իրադարձությունից հետո:





























