Թերթը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Վերջերս Ձեր մի հարցազրույցում խոսել էիք «Տաշիր» մրցանակաբաշխության մասին, ասել էիք, թե Սամվել եւ Կարեն Կարապետյանների դեմ սեւ PR անողները ձեր թիմից են, կոնկրետ մարդկա՞նց նկատի ունեք, ովքե՞ր են նրանք:
Ախր, կոնկրետ մարդկանց դուք պետք է նկատի ունենաք, դուք տեսե՞լ եք, իշխանական համարվող թերթում որեւէ ընդդիմադիրի հետ հարցազրույց տպագրվի կամ որեւէ ընդդիմադիր գովեն: Չեք տեսել, որովհետեւ հավքն իր թեւով, օձն իր պորտով այդ լրատվամիջոցներում չի կարող մի բառ անգամ ասել: Եւ եթե այնտեղ խոսվում է իշխանության որեւէ ներկայացուցչի մասին, սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ դա անցկացրել է իշխանության մի ուրիշ ներկայացուցիչ: Սա արդեն անուն-ազգանուն չի՞: Իսկ բոլորը մեկ առ մեկ գիտեն, թե լատվական դաշտը ինչպես է կառավարվում: Եթե իշխանության որեւէ անդամի որեւէ իշխանական թերթում կարողանում են փնովել, չարախնդալ արածի համար, դա նշանակում է` էլի մենք ենք, հո ընդդիմությունը չէ՞, եթե կարողանար, իրեն կգովեր:
Իսկ ինչո՞ւ են չարախնդում:
Քաղաքական պայքարի ձեւ է, իշխանական պայքարի ձեւ է, որոնք իրենց չարությունից, իրենց պաշտոններին անհամապատասխանությունից փորձում են իրենց ինչ-որ ձեւով արժեւորել, իսկ արժեւորելու միակ ձեւը երկրում լարվածությունը պահելն է, որովհետեւ նորմալ պայմաններում լիքը իշխանավորներ, որոնք այսօր պաշտոնավարում են, այդ տեղում չէին լինի:
Ես ոչ թե պաշտպանում եմ «Տաշիրին», այլ ասում եմ, որ այդ մարդիկ շատ բան են արել մեր երկրի համար եւ դեռ անում են, եւ այսօր կանգնել եւ մատնացույց անել, թե մի երկուսին բնակարան են նվիրել, ճիշտ չէ: Եթե այսօր ունենայինք Արաքսի Գյուլզադյան կամ Հովհաննես Բադալյան եւ նրանց տներ նվիրեինք, որեւէ մեկի մտքով չէր անցնի, թե ինչու արեցինք: Բայց մեր ունեցածն այսօր էս է:





























