Հայաստանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առաջնորդների ֆորումը, որի ընթացքում կմշակվի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) 2020-2025 թվականների ռազմավարությունը, կանցկացվի դեկտեմբերի 21-22-ը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց UATE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն է առաջացել երկրում իրավիճակի փոփոխությունից հետո:

«Երկրում իրավիճակ է փոխվել, հետեւաբար, մեր ռազմավարությունը պետք է համապատասխանի երկրում ընթացող գործընթացներին: Գործող ռազմավարությունը գրվել է ոչ թե միության, այլ երկրում այդ ոլորտի զարգացման համար: Արդյունքում ռազմավարության որոշ դրույթներ հաջողվել է կյանքի կոչել: Հաջողվել է ապահովել դպրոցներում «ԱրՄատ» ինժեներական լաբորատորիաների լայն տարածումը»,- հայտարարեց Վարդանյանը:

«Արդեն ձեւավորվել է 585 լաբորատորիա: Այս տարի ամբողջությամբ կընդգրկվեն Շիրակի, Լոռիի եւ Տավուշի մարզերը: Այդ գործընթացների ֆոնին նոր որոշումների եւ մոտեցումների պահանջ է առաջացել»,- հավելեց նա:

Ներկայացնելով հարցերը եւ խնդիրները, որոնք կքննարկվեն կայանալիք ֆորումի ժամանակ, Ամերիկյան համալսարանի ինժեներական ծրագրերի ղեկավար Սաթենիկ Մնացականյանը հայտարարեց, որ Հայաստանը թվայնացման պետական ստանդարտների մշակման կարիք ունի: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը ստիպված է ընդունել եւ կիրառել այլ պետությունների եւ կազմակերպությունների ստանդարտները, որոնք չեն բխում հայկական կողմի շահերից: Եվս մեկ խնդիր է միջազգային դրամաշնորհների եւ վարկերի միջոցներով թվայնացման գործընթացն ապահովելը: Այդ մոտեցման արդյունքում միջոցների մեծ մասը՝ գրեթե 90 տոկոս, տրամադրվում է միջազգային փորձագետներին վճարելու համար, եւ միայն 10 տոկոսն է վճարվում հայ մասնագետներին, որոնք կատարում են հիմնական աշխատանքը: «Ամենակարեւոր հարցը ազգային անվտանգության հարցն է: Երբ մենք օգտագործում ենք արտասահմանյան ընկերությունների ներկայացրած որոշումները, ինֆորմացիոն անվտանգության ապահովման բավարար մակարդակ չենք ունենում»,- հայտարարեց Մնացականյանը: Նա հույս հայտնեց, որ ԱԱԾ-ի հետ համագործակցությունը կշարունակվի:

Իր հերթին, VOLO ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը նշեց, որ Հայաստանը պետք է դառնա մի երկիր, որտեղ առաջարկում են հետաքրքիր ինժեներական եւ տեխնոլոգիական լուծումներ: Նա նշեց, որ սկզբնապես խնդիր էր դրված ձեւավորելու Հայաստանի իմիջը՝ որպես տեխնոլոգիապես զարգացած երկիր, եւ այսօր կարելի է հաստատել, որ այդ խնդիրը հաջողվել է լուծել: Այսօր մեկ այլ խնդիր կա՝ մասնագետների ներգրավումը, այլ կերպ ասած՝ պայմանների ստեղծումը, որի դեպքում տարբեր երկրներից մասնագետները կկարողանան Հայաստան գալ եւ մասնակցել բարդ ինժեներական եւ տեխնոլոգիական խնդիրների լուծմանը:

Կարեն Վարդանյանը, իր հերթին, նշեց, որ UATE-ի առաքելությունը սկզբնապես որպես բարձր տեխնոլոգիական երկիր Հայաստանի վերականգնումն էր: «Վերականգնել նշանակում է ապահովել նախկին մակարդակը: Խորհրդային շրջանում Հայաստանում գրեթե 100 000 մարդ աշխատում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այսօր այդ ոլորտում ունենք 20 000 աշխատակից: Այժմ մենք փորձառու աշխատակիցների կարիք ունենք, եւ այդ խնդիրն իր մասին կհիշեցնի մոտակա 10 տարում»,- հայտարարեց նա: Նրա խոսքով՝ փորձառու մասնագետների ներգրավումը թույլ կտա ապահովել ոլորտի զարգացման ավելի բարձր տեմպեր եւ լրացնել առկա դեֆիցիտը: