Հայաստանում կազինոներ եւ շահումով խաղեր կազմակերպող հաստատություններ այցելողների թիվը գնալով աճում է: Այս մասին է վկայում NEWS.am-ի կողմից մի քանի կազինոների եւ շահումով խաղեր կազմակերպող հաստատությունների շրջանում անցկացրած մոնիտորինգը: Խաղատներում ձեռնպահ մնացին բացատրել, թե դա ինչով է պայմանավորված, իսկ դրանցից մեկի աշխատակիցն անկեղծ գտնվեց այն աստիճան, որ հայտարարեց. «Կազինոն օդից փող բռնելու միջոց է, եթե իհարկե բռնել կհաջողվի»:
Մոնիտորինգի արդյունքներով` խաղատներ այցելողների շրջանում մեծ պահանջարկ են վայելում ավտոմատային խաղերը: Իսկ սեղանի խաղերի, մասնավորապես`պոկերի, պտուտակախաղի (ռուլետկա), «Բլեկ-ջեկ»-ի նկատմամբ պահանջարկը նվազ է, այդ խաղերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում առավելապես «էլիտար դասի» ներկայացուցիչները:
«Բացի այդ` Հայաստանում թղթախաղի ավանդույթները այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն, եւ այդ խաղերը գրեթե միշտ նույն մարդիկ են խաղում, որոնք ունեն համապատասխան խաղային որակներ` հաջողակ են խաղի մեջ, լավ գիտեն խաղի հոգեբանությունը, սկզբունքները: Նման խաղեր խաղում են մարդիկ, ովքեր շատ փող ունեն, հաճույքի համար են խաղում եւ «կրվելը» նրանց համար ողբերգություն չի դառնում: Իսկ նրանք, ովքեր համեմատաբար համեստ գրպանով են մտնում խաղատուն, մոտենում են ապարատներին»,-նշեցին հայտնի խաղատներից մեկի ադմինիստրացիայից: Այստեղ նշեցին նաեւ, որ այդ խաղի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում առավելապես միջին եւ բարձր տարիքի մարդիկ, հիմնականում տղամարդիկ, իսկ խաղային ապարատների նկատմամբ հետաքրքրությունը տարիքային սահմանափակում չի ճանաչում:
Մեկ այլ խաղատանն էլ նշեցին, որ սեղանի խաղերի նկատմամբ պահանջարկի բացակայության հետեւանքով խաղատունը փակել է «թղթախաղի կորպուսը»:
Հետաքրքիր էր իմանալ, թե արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ խաղատան այցելուն խաղասեղանին է դրել, ասենք, տոհմական ժամացույցը, ֆիրմային կոշիկները կամ տան սեփականության վկայականը: Պարզվեց` ոչ, քանի որ խաղատներում խաղը, որպես կանոն, կազմակերպվում է կանխիկ գումարով:
Մանիտորինգի ընթացքում պարզ դարձավ նաեւ, որ հայաստանյան հայտնի խաղատների մեծ մասում գործում է այցելուի տանուլ տված գումարի 10 տոկոսի վերադարձի սկզբունքը: Վերադարձը, սովորաբար կատարվում է մեկ օր հետո: «Դա արվում է այն նպատակով, որպեսզի մարդն ազարտի ազդեցության տակ վերադարձված գումարը նորից չդնի խաղի մեջ»,-նշեց խաղատան աշխատակիցներից մեկն ու հավելեց, որ տանուլ տված մարդը հաջորդ օրը կրկին վերադառնում է խաղատուն` հույսով, որ կվերադարձնի տանուլ տվածը: Իսկ հաջողվում է դա նրանց անել, թե՞ ոչ: «Դա բախտի բան է, լինում է, որ վերադարձնում է, լինում է`ոչ: Բայց մեծ մասամբ` ոչ»,-պատասխանեցին խաղատներից մեկում:
NEWS.am-ը խաղամոլության աճի պատճառները փորձեց պարզել հոգեբաններից: Նրանք երեւույթը բացատրեցին սոցիալ-տնտեսական պայմանների վատացմամբ: Հոգեբանները խաղամոլությունը համարում են ախտ, մոլուցք, չարիք, որը քայքայիչ ազդեցություն է թողնում մարդու, որպես անհատի վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ իրեն են դիմում թե խաղամոլներն անձամբ, այլ նրանց ծնողներն ու հարազատները: Հոգեբանը նշեց, որ իրեն դիմող խաղամոլները եղել են 16-ից մինչեւ 65 տարեկան մարդիկ, ովքեր դիմել են այն փուլում, երբ կորցրած են եղել իրենց ողջ ունեցվածքն ու խրված են եղել հսկայական պարտքերի մեջ:
Սամվել Խուդոյանը նշում է, որ խաղամոլությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: «Առաջինը` տվյալ մարդու անձնային առանձնահատկությունն է: Մյուսը` սոցիալական պրոբլեմատիկ վիճակը: Տնտեսական վատ վիճակի ժամանակ շատանում են խաղամոլները: Մյուս կարեւոր պայմանն այն է, որ խաղամոլության աճին նպաստում են հենց կազինոները` աշխատացնելով հատուկ մեխանիզմներ: Օրինակ` ճոխ վիճակներ են ստեղծում` գեղեցիկ աղջիկներ, անվճար խմիչք եւ այլն, եւ որեւէ բանից կախվածության հակվածություն ունեցող մարդկանց դարձնում են խաղամոլ»,-նշեց հոգեբանը:
Ըստ նրա` խաղամոլների մոտ գերիշխում է մանկական այն մտայնությունը, թե «երկնքից երբեւէ երեք խնձոր կարող է ընկնել իրենց գլխին, որ հաջողակ են այնքան, որ կարող են առանց աշխատելու փող ձեռք բերել», մի բան, որը նորմալ մարդիկ չեն պատկերացնում: Խուդոյանը հավաստիացրեց, որ իր աջակցությանն են դիմել բարձր ինտելեկտով, կիրթ եւ ազդեցիկ պաշտոններ զբաղեցնող մարդիկ, ովքեր կյանքի ինչ-որ փուլում անուղղելի խաղամոլներ են դարձել:
Ինչպե՞ս կարելի է դուրս բերել մարդուն այդ մոլուցքից, եթե նա գիտակցաբար չի ցանկանում ազատվել դրանից: Այդ կարգի կախվածություններից, ըստ Խուդոյանի, կարելի է ձերբազատվել հիպնոսի կիրառմամբ, որը ամենարդյունավետ եւ ոչ երկարատեւ միջոցն է: «Հիպնոսը ուղղված է լինում ենթագիտակցական դիրքորոշումների փոփոխությանը եւ 5-6 սեանսից հետո, սովորաբար, մարդիկ դարձի են գալիս»,-հավաստիացրեց հոգեբանը:
Հ.Գ. Ըստ ֆինանսների նախարարության տվյալների` 2011թ մարտի 1-ի դրությամբ, ուժի մեջ է 91 շահումով խաղի, 11 խաղատան կազմակերպման լիցենզիա: Կայացել է վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի 7 նիստ: Տրամադրվել է թվով 4 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիա: Կասեցվել է թվով 5 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողություն:
Պատրաստեց Ելենա Գեւորգյանը





























