Փարիզի մերձակայքում՝ Ռյունժի քաղաքում, մեծածախ շուկայի պահեստի աշխատակիցները հայտնաբերել են 500 կիլոգրամ կոկաին: Թմրանյութը պահվել էր Կոլումբիայից բերված բանանների արկղում: Le Parisien թերթի հաղորդմամբ՝ գտածոյի ընդհանուր արժեքը հասնում է 35 միլիոն եվրո:

Լրագրողների տվյալներով՝ բանանների մեջ կոկաինը հայտնաբերել են, երբ կոնտեյներն իջեցրել են բեռնատարից: Ո՞ր ճանապարհով է թմրանյութը հայտնվել Ֆրանսիայում՝ չի հաղորդվում, սակայն ամբողջ միրգը ուղարկվել է Կոլումբիայից: Դատախազությունը սկսել է ստուգումներ իրականացնել փաստի առնչությամբ, հաղորդում է RFI-ը:

Կոկաինը հայտնաբերվել է աշխարհի ամենախոշոր մեծածախ մթերային շուկայում: Դրա ընդհանուր մակերեսը կազմում է 234 հեկտար: Le Figaro-ի տվյալներով՝ տարեկան այդ շուկայով անցնում է 2.82 միլիոն տոննա բանջարեղեն, միրգ եւ այլ մթերք:

Le Parisien-ը նշում է, որ Ռյունժիում շուկայի աշխատակիցները հաճախ հայտնաբերում են թմրանյութեր արտերկրից բերված ապրանքներում: Մի անգամ արգելված նյութերը պահել էին խոզի ներսում, իսկ 2010 թվականին 25 կգ կոկաին էր հայտնաբերվել դարձյալ բանանների մեջ:

Փարիզի մերձակայքում հայտնաբերված թմրանյութերն ամենախոշորն էր, որը վերջին շրջանում հայտնաբերել էր Ֆրանսիայի ոստիկանությունը: Ավելի վաղ 2019 թվականին մաքսայինները հայտնաբերել էին մեկ տոննան գերազանցող թմրանյութ Էկվադորից բերված արմավենիների մեջ: Ֆրանսիայի իշխանությունները գնահատել են թմրավաճառների կորուստը 74 միլիոն եվրոյի չափով: