Բրիտանական Ջերսի կղզում գանձ որոնողները հնագույն մետաղադրամների ռեկորդային մեծ չափերի գանձ են գտել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Daily Mail-ին:

Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

1980-ականների սկզբին Ջերսիի բնակչուհին գանձ որոնող Ռեգ Միդին եւ Ռիչարդ Մայլզին հայտնել է արծաթե կոճակի մասին, որը նա նկատել է դաշտում: Վերջիններս հասկացել են, որ հողի տակ գանձ է թաքնված, եւ 30 տարի կղզին հետախուզել են հզոր մետաղաորոնիչ սարքով:

2012-ին նրանք դաշտում ցանկապատի տակ թաքստոց են հայտնաբերել: Մոտ մեկ մետր խորությամբ հին հռոմեական եւ կելտական հազարավոր մետաղադրամներ են հայտնաբերվել: Միդը եւ Մայլզը ենթադրել են, որ դրանք թաքցրել են կուրիոզոլիտները Հուլիոս Կեսարի զորքերի հարձակումից առաջ:

Պեղումների ընթացքում թաքստոցից հանվել է 69347 մետաղադրամներ: Սկզբնապես դրանց գինը գնահատվել է 10 մլն ֆունտ սթերլինգ (843 մլն ռուբլի), գրում է BBC News-ը: Միդը պնդում է, որ հայտնաբերված մետաղադրամներից նույնիսկ ամենաէժանները արժեն 100 ֆունտ սթերլինգ:

1996թ. գանձերի մասին բրիտանական օրենքի համաձայն՝ գտածոն հայտարարել են թագուհու սեփականություն: Գանձ որոնողները կարող են միայն հույս ունենալ, որ պարգեւատրում կստանան:

Համարվում էր , որ Մեծ Բրիտանիայում ամենամեծ գանձը գտնվել է Ուիլտշիրում 1978 թվականին: Այն կազմված էր մ.թ.ա. 3-րդ դարի 54951 պղնձե մետաղադրամներից:

Կուրիոզոլիտները կելտական ցեղերից մեկն են, որոնք նվաճվել են Հռոմի կողմից: Հիշատակվում են Պլինի ավագի եւ Հուլիոս Կեսարի աշխատություններում: